Տորթերի գեղեցիկ ձևավորմամբ հաճախորդին զարմացնելն այսօր գրեթե անհնար է թվում․ մենք միտված ենք կարծելու, որ ամեն ինչ արդեն տեսել ենք և գիտենք, սակայն կան տորթերի ձևավորման հատուկ տեխնիկաներով կարելի է զարմացնել անգամ ամենաքմահաճ հաճախորդներին։
Տորթի ձևավորումն առանձին արվեստ է, որը պահանջում է ինչպես ստեղծագործական, այնպես էլ տեխնիկական հմտություններ: Այն կարող է հասարակ տորթը վերածել արվեստի ցնցող նմուշի, որն անպայման կհիացնի հյուրերին: Անկախ նրանից, թե Դուք փորձառու, թե սկսնակ հրուշակագործ եք, գոյություն ունեն հնարքներ, որոնք կարող են օգնել ձեզ ստեղծել գեղեցիկ, համեղ, և յուրահատուկ ձևավորմամբ տորթեր, լինեն դրանք հարսանեկան տորթեր, թե ծննդյան:
Պլանավորեք դիզայնը
Շատ կարևոր է նախքան տորթ զարդարելը հստակ պատկերացում կազմել նախընտրելի դիզայնի մասին, ինչը կօգնի Ձեզ հասկանալ՝ ինչ գործիքներ և պարագաներ կպահանջվեն ձևավորման համար։ Մինչև սկսելը համոզվեք, որ ձեռքի տակ ունեք անհրաժեշտ ամեն ինչ։ Եթե չունեք նախընտրելի դիզայն, կարող եք գտնել այն տորթերի ձևավորման արվեստին նվիրված գրքերից, ամսագրերից կամ առցանց նյութերից, որտեղից կարող եք ոգեշնչվել և պատրաստել ինքնուրույն, ոչ թե գնել տորթ:
Ընտրեք անհրաժեշտ գործիքներն ու պարագաները
Գեղեցիկ և յուրահատուկ տեսք ունեցող տորթեր ստեղծելու համար անհրաժեշտ է ունենալ ճիշտ գործիքներ և պարագաներ: Թվարկենք հիմնական գործիքներից որոշները, որոնք Ձեզ կարող են անհրաժեշտ լինել․
Տորթի պտտվող սեղան. խոսքը պտտվող տակդիրի մասին է, որը թույլ է տալիս զարդարելու ընթացքում հեշտությամբ շրջել տորթի բոլոր կողմերը և դրանք դարձնել կառավարելի:
Կրեմի համար նախատեսված դանակ. կրեմի համար նախատեսված հատուկ դանակները ունեն տարբեր ձևեր և չափեր։ Այս դանակներով չափազանց հեշտ է դառնում կրեմի տարածումը տորթի մակերեսով։
Կրեմի տարածման համար նախատեսված ներարկիչները նույնպես շատ հարմար են ձևավորումներ անելիս։ Դրանք կարող են ստեղծել տերևներ, ծաղկի թերթիկներ, որոնք գրեթե չեն տարբերվում իրականից։
Մարդկանց նախասիրությունները տարբեր են, ուստի ծննդյան տորթ պատրաստելիս օգտակար են դեկորացիա ստանալու պարագաները․ այլ կերպ ասած՝ որքան պատվիրատու, այնքան տորթի ձևավորման նախընտրելի տարբերակ։
Համոզվեք, որ տորթը հարթ է
Նախքան զարդարելը կարևոր է համոզվել, որ գործ ունեք հարթ մակերեսով տորթի հետ: Անհավասար տորթերը կարող են պատճառ դառնալ ձևավորման շեղ կամ անհավասար տեսք ունենալուն: Տորթը հարթեցնելու համար օգտագործեք դրա համար նախատեսված պարագաներ, չունենալու դեպքում օգտվեք երկար դանակից: Տեղադրեք տորթը հարթ մակերեսի վրա և զգուշությամբ փորձեք դանակը ետ ու առաջ տանել՝ մակերեսը հարթեցնելու համար:
Խաղացեք գույների և համերի հետ
Տորթերի ձևավորումը տարբեր գույների և համերի փորձարկումն է: Երանգների բազմազանություն ստանալու համար կարող եք կրեմին ավելացնել սննդի ներկեր կամ տարբեր համային հավելումներ։ Մի վախեցեք խառնել և համադրել գույներն ու համերը՝ անկրկնելի տորթեր ստեղծելու համար:
Կառուցվածք և չափսեր
Տորթերի կառուցվածքը շատ կարևոր է ձևավորման համար՝ հարթ, ալիքային, կետիկներով․ ինչպիսի կառուցվածք եք նախընտրում՝ պետք է հասկանաք ինքներդ, քանի որ սա նույնպես նախասիրության հարց է։ Հետաքրքրության համար կարող եք ընտրել ամենահամարձակ կառուցվածքը, որն էլ կապահովի համարձակ դիզայն ստանալու հեռանկարը։ Դուք կարող եք նաև ծավալ հաղորդել տորթերին՝ օգտագործելով ֆոնդանտ՝ 3D ձևավորումներ ստեղծելու համար:
Ուտելիքներով ձևավորում
Տորթն անմոռանալի դարձնելու համար կարող են օգնել ուտելի զարդերը՝ թարմ մրգերը, ծաղիկները կամ շոկոլադե կտորները: Ձեզ մնում է համոզվել, որ օգտագործվող ցանկացած զարդարանք անվտանգ է ուտելու համար:
Պրակտիկա, պրակտիկա, պրակտիկա
Տորթեր զարդարելը հմտություն է, որը կատարելագործելու համար ժամանակ և փորձ է պահանջվում: Մի հուսահատվեք, եթե առաջին մի քանի փորձերը չստացվեն այնպես, ինչպես ակնկալում էիք: Շարունակեք զբաղվել, փորձել նոր հնարքներ և փորձարկել տարբեր ձևավորումներ, մինչև գտնեք Ձեզ համար ամենահարմար տարբերակը:
Տորթի ձևավորումը դժվար, բայց միևնույն ժամանակ հաճելի գործընթաց է։ Այն պահանջում է ստեղծագործական միտք, հմուտ ձեռք և խելամտորեն ընտրված պարագաներ։ Ճիշտ գործիքների և պարագաների, դիզայնի մասին հստակ պատկերացում ունենալու և փորձ ձեռք բերելու շնորհիվ Դուք կարող եք ստեղծել համեղ տորթեր, որոնք կտպավորեն ձեր հյուրերին: Հետևեք խորհուրդներին և պատրաստեք Ձեր երազանքերի տորթը, իսկ եթե չստացվի, փորձը փորձանք չէ․ միշտ էլ կարելի է պատվիրել տորթ։